WhatsApp հաշիվների զավթում և հաքերային սպառնալիքներ 2026 թվականին

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

WhatsApp-ը շարունակում է մնալ աշխարհում ամենալայն կիրառվող արագ հաղորդակցման հարթակներից մեկը՝ ունենալով ավելի քան երկու միլիարդ օգտատեր։ Թեև տվյալների ծայրից-ծայր ծածկագրումը (end-to-end encryption) համարվում է դրա հիմնական առավելություններից, իրական միջադեպերի մեծ մասը 2025–2026 թվականներին կապված չէ ծածկագրման խոցելիություններից։ Փոխարենը հարձակվողները թիրախավորում են օգտատերերին, սարքերը և հաշվի վերականգնման մեխանիզմները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` «Մեկ զանգ» կոչվող խարդախություն և թե ինչպես պաշտպանվել դրանից

Այս վերլուծությունը դիտարկում է WhatsApp-ի նկատմամբ կիրառվող հիմնական հարձակման մեթոդները, դրանց տարածման պատճառները և արդյունավետ պաշտպանական քայլերը։

Ինչպես են սովորաբար կոտրում WhatsApp հաշիվները

  1. Ամենատարածված մեթոդներից մեկը նույնակացացման միանգայմա կոդերի ֆիշինգն է։ Հարձակվողները խաբեությամբ ստիպում են օգտատերերին փոխանցել SMS-ով կամ զանգով ստացված միանգամյա օգտագործման (OTP) կոդերը, ինչի արդյունքում կարողանում են WhatsApp-հաշիվը գրանցել նաև այլ սարքում։

  2. Մյուս լուրջ վտանգը SIM-քարտի փոխարինման (SIM swap) միջոցով հարձակումներն են։ Այս դեպքում հարձակվողները վերահսկողություն են ստանում հեռախոսահամարի նկատմամբ և կարողանում են շրջանցել նույնականացման գործընթացը։ Այս մեթոդը հաճախ կիրառվում է ընկերությունների ղեկավարների, լրագրողների և հանրային դեմքերի դեմ։

  3. Աճող սպառնալիք է նաև կեղծ QR կոդերի օգտագործումը, որի միջոցով զոհը ակամա ակտիվացնում է WhatsApp Web սեսիա հարձակվողի սարքում։ Քանի որ նման սեսիաները կարող են երկար ժամանակ ակտիվ մնալ, խախտումը հաճախ ուշ է հայտնաբերվում։

Սխալ օգտագործումը ավելացնում է ռիսկերի հավանականությունը

WhatsApp-ը օգտագործվում է օրական բազմակի անգամ, հաճախ առանց հաղորդագրությունների աղբյուրը ստուգելու։ Շատերը այն կիրառում են ընկերների հետ խիստ անձնական թեմաներով շփվելու, գործընկերների հետ ամենօրյա աշխատանքի ոչ պաշտոնական հաղորդակցման, և նույնիսկ հաճախորդների հետ հաղորդակցման նպատակով՝ փոխանակվելով գաղտնի աշխատանքային փաստաթղթեր՝ չնայած WhatsApp-ը նախագծված չէ որպես տվյալների անվտանգ փոխանակման հարթակ։

Նշում՝ WhatsApp-ը տրամադրում է երկփուլային նույնականացման, սարքերի վերահսկման և անվտանգության ծանուցումների ֆունկցիաներ։ Սակայն շատ օգտատերեր չեն ակտիվացնում այս գործառույթները կամ օգտագործում են թույլ PIN կոդեր։ Բացի այդ, այս մեխանիզմները սահմանափակ արդյունավետություն ունեն սոցիալական ինժեներիայի կամ SIM swap հարձակումների դեմ, ինչը ցույց է տալիս հնարավոր պաշտպանական մեխանիզմների և մարդկային գործոնի հետ կապված խոցելիության անհամատեղելիությունը (GAP):

Առաջարկվող պաշտպանական քայլեր և դրանց նշանակությունը

Օգտատերերի համար

  1. Ակտիվացնել երկփուլային նույնականացումը (2FA)՝ ընտրելով բարդ PIN։

Սա զգալիորեն բարդացնում է հաշվի զավթումը նույնիսկ հաստատման կոդի արտահոսքի դեպքում։

  1. Պարբերաբար ստուգել կապակցված սարքերը։

Սա նվազեցնում է չարտոնված մուտքի տևողությունը, քանի որ ստուգման ընթացքում կկարողանաք հայտնաբերել և ջնջել հաշվի հետ կապակցված անծանոթ սարքերը։

  1. Բարձրացնել իրազեկվածության մակարդակը։

Ֆիշինգային և նույնականացման խաբեությունների ճանաչումը մնում է ամենաարդյունավետ պաշտպանական միջոցներից մեկը։

  1. Սահմանափակել WhatsApp-ի օգտագործումը գաղտնի տեղակատվություն փոխանցելու նպատակով։

Կազմակերպությունները և անհատները պետք է խուսափեն խիստ անձնական կամ գաղտնի աշխատանքային տվյալներ փոխանցել նման հարթակներով։

Կապի օպերատորների համար

Կապի օպերատորները մեծ դեր են ստանձնում այս հարցում, քանի որ հարձակումների մեծ մասը օգտվում է օպերատորի ենթակառուցվածքի խոցելիություններից, և նույնիսկ կարող է օգտագործվել օնլայն բանկինգի հաշիվները կոտրելու նպատակով:

  1. Սահմանափակել SS7 ցանցերի հասանելիությունը

SS7 ցանցերի հասանելիությունը տրամադրել միայն վստահելի և ստուգված գործընկերներին։ Սահմանել լիազորված օպերատորների սպիտակ ցուցակ (whitelist) և կիրառել խիստ վերահսկողություն։ SS7-ը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ինչը թույլ է տալիս չարաշահումներ՝ SMS հաղորդագրություննրի որսում (interception), զանգերի վերահղում և տեղորոշում։

  1. Ընտրել վստահելի փոխկապակցման գործընկերներ

Փոխկապակցվել միայն այն օպերատորների հետ, որոնք ունեն բարձր անվտանգության քաղաքականություն և մշտադիտարկում (monitoring)։ Թույլ պաշտպանություն ունեցող գործընկերները կարող են դառնալ անուղղակի հարձակման աղբյուր։

  1. Կիրառել առաջադեմ SS7 firewall-ներ

Կիրառել SS7 firewall-ներ՝ ազդանշանային հոսքերի վերլուծության և ֆիլտրացման համար։ Firewall-ները կանխում են չարամիտ ազդանշանային հաղորդագրությունները իրական ժամանակում։

  1. SIM swap հարցումների խիստ վավերացում

SIM քարտի փոխարինման համար կիրառել բազմագործոն նույնականացում (multi-factor authentication) և սպասման ժամանակահատվածներ։ Սա նվազեցնում է սոցիալական ինժեներիայի հարձակումների արդյունավետությունը հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է հեռախոսահամարի հետ փոխկապակցված SIM քարտի IMEI համարի փոփոխություն։

  1. SIM-lock պաշտպանությունը դարձնել լռելյայն (default) կարգավորում

SIM-lock-ը ակտիվացնել լռելյայն (default) կարգավորում բոլոր բաժանորդների համար։ Այս պաշտպանությունը նվազեցնում է մարդկային սխալի ազդեցությունը։

  1. SIM-swap և SS7 անվտանգության իրադարձությունների մշտադիտարկում (monitoring)

Մշտապես վերահսկել SIM swap և ազդանշանային կասկածելի իրադարձությունները։ Վաղ հայտնաբերումը նվազեցնում է վնասը։

  1. Համագործակցություն հարթակների և կարգավորող մարմինների հետ

Տեղեկատվության փոխանակում իրականացնել արագ հաղորդակցման հարթակների և կարգավորող մարմինների հետ։ SIM-swap և SS7 հարձակումները պահանջում են համատեղ արձագանք։

Ամփոփում

2026 թվականին WhatsApp-ի անվտանգության հիմնական խնդիրները կապված են ոչ թե տվյալների ծածկագրման, այլ նույնականացման և մարդկային գործոնի հետ։ Պաշտպանության արդյունավետությունը կախված է բազմաշերտ պաշտպանական մեխանիզմներից՝ ներառելով տեխնիկական միջոցներ, իրազեկում և կազմակերպչական կարգապահություն։ Առանց այս քայլերի նույնիսկ տվյալների ամենաուժեղ ծածկագրումը չի կարող կանխել հաշիվների զավթումը։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: