Տվյալների արտահոսքից տուժել են OnePlus-ի 40,000 հաճախորդ

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Շատ հավանական է, որ ձեր բանկային քարտի տվյալները կողոպտվել են հաքերների կողմից, եթե 2017թ.-ի նոյեմբերից մինչև 2018թ.-ի հունվարի 11-ը ընկած ժամանակահատվածում գնումներ եք կատարել OnePlus ընկերության պաշտոնական օնլայն խանութից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Որքանով է անվտանգ ձեր բիզնեսը

Այս տարին բարեհաջող սկիզբ չունեցավ ոչ միայն Intel ընկերության, այլ նաև Չինաստանում հեռախոսներ արտադրող խոշոր ընկերության համար, որը հաճախորդների բազմաթիվ քննարկումների և բողոքների արդյունքում այսօր վերջապես հաստատեց ընկերությունից ֆինանսական գաղտնի տվյալների կողոպուտի լուրը:

Մենք խորապես ցավում ենք, որ իսկապես հարձակման զոհ ենք դարձել և, հնարավոր է, այս հարձակման արդյունքում տուժել են oneplus.net կայքում գրանցված ավելի քան 40 հազար օգտատեր: Մենք հնարավոր տուժած օգտատերերին արդեն իրազեկել ենք էլեկտրոնային նամակի միջոցով:


We are deeply sorry to announce that we have indeed been attacked, and up to 40k users at oneplus.net may be affected by the incident. We have sent out an email to all possibly affected users.


— նշված է ընկերության հաղորդագրությունում

Ինքս շատ լարված եմ հետևում տեղի ունեցած միջադեպին, քանի որ 2017թ.-ի աշնանը գնումներ եմ կատարել ընկերության օնլայն խանութից և, հուսով եմ, ընկերությունյան միջադեպի արդյունքում չեն տուժել նաև իմ անձնական ֆինանսական տվյալները:

Ըստ ընկերության փորձաքննության արդյունքների այս պահին պարզ է, որ հաքերներին հաջողվել է հարձակում իրականացնել ընկերության համակարգերի վրա՝ վնասակար կոդ ներդնելով օնլայն խանութի վճարային էջում և թաքուն հավաքագրել հաճախորդների մուտքագրած բանկային քարտի տվյալները:

Ամեն դեպքում, ընկերությունը հավաստիացնում է, թե միջադեպից զերծ են մնացել բոլոր այն անձիք, ովքեր վճարումներ կատարել են կայքում նախկինում պահպանված բանկային քարտի տվյալներով կամ օգտվելով PayPal վճարային համակարգից:

Այս տեղեկատվությունը հույս է ներշնչում, որ հաքերներին չի հաջողվել կորզել հաճախորդների ամբողջ տվյալների բազան:

Ի՞նչ է պետք անել խնդիր հայտնաբերելիս

Խորհուրդ է տրվում կապվել OnePlus ընկերության սպասարկամ թիմին՝ խորհրդատվություն կամ աջակցություն ստանալու նպատակով:

Անհրաժեշտ է նաև ստուգել բանկային քարտի քաղվածքը և կասկածելի փոխանցումների հարցերով անհապաղ դիմել բանկի քարտերի սպասարկման բաժին:

Նշում՝ քիչ է հավանականությունը, որ որևէ բանկ ձեզ կվերադարձնի ձեր կորցրած գումարները, քանի որ սովորաբար բանկերն աշխատում են հաճախորդների վրա թողնել խնդրի ամբողջ պատասխանատվությունը: Ամեն դեպքում, խնդրի վերաբերյալ նրանց հետ խորհրդակցելը ցանկալի է:
Նշում՝ բանկերի պատասխանատվությունից խուսափելու ամենալավ օրինակը, միգուցե, բանկային քարտի PIN գաղտնագիրն է, որն անվտանգության նկատառումներով չի պահպանվում բանկի որևիցէ տվյալների բազայում՝ ձեզ հանձնարարելով դրա գաղտնիության և ապահով պահպանելու ամբողջ պատասխանատվությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Առցանց անվտանգ գնումներ կատարելու լավագույն փորձը

Ամփոփում

Այս և օրերս տեղի ունեցած հաջողված հարձակումը BlackBerry ընկերության վեբկայքի վրա ևս մեկ անգամ վկայում են, որ տեղեկատվական անվտանգությունը միանգամյա գործընթաց չէ: Տեղեկատվական անվտանգությունը խորը գիտելիքներ և բազմամյա փորձ է պահանջում, քանի որ սերվերի սխալ կարգավորումն ու այլ խոցելիությունները կարող են այնպիսի ֆինանսական կորուստների պատճառ դառնալ, ինչպիսիք են՝ կորպորատիվ տեղեկատվությունը, ֆինանսական տեղեկատվության և միջոցների կողոպուտը, առևտրի խափանումը, պայմանագրի կամ ամբողջ բիզնեսի կորուստը: Այսպիսի ռիսկերից սպառողներին պաշտպանելու համար, Էլեկտրոնային առևտրով զբաղվող և բոլոր այն կայքերը, որոնք հավաքագրում են հաճախորդի բանկային քարտի կամ փոխանցումների մասին տեղեկատվություն, պարտավոր են համապատասխանել «PCI» ստանդարտին:

Թեմաներ

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: