Համոզված եմ, ձեզանից շատերն իրենց երեխաներին թույլ են տալիս օգտվել անձնական բջջ. հեռախոսից, նոթբուքից կամ այլ թվային սարքերից՝ խաղեր խաղալու կամ ինտերնետում «լուրջ» գործերով զբաղվելու համար:
Ինքս երեխաներ չունեմ, բայց և «խնդրին» շատ լավ ծանոթ եմ հարևանիս հետաքրքրասեր երեխաների օգնությամբ:
Առաջին հայացքից թվում է, թե դրանում ոչ մի վտանգավոր բան չկա բացի երեխաների առողջությունը վնասելուց, սակայն դա կարող է ֆինանսական կորուստների լուրջ պատճառ դառնալ, եթե թվային սարքերում պահպանված են Ձեր տվյալներն օնլայն վճարման համակարգերում:
Նմանատիպ մի դեպք վերջերս տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում, ինչի արդյունքում հասցված կորուստը զգալի գումար է կազմել:
Անցած տարի՝ դեկտեմբերի 13-ից 18-ը ընկած ժամանակահատվածում, 7-ամյա մի երեխա հոր՝ Մոհամեդ Շուգայի (Mohamed Shugaa) հաշվից պատահաբար ծախսել է ավելի քան 4 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 5900 դոլար)՝ Jurassic World խաղում դինոզավրեր գնելու նպատակով:
Այդ հինգ օրերի ընթացքում երեխան հոր iPad-ից ընդանուր հաշվով կատարել է ավելի քան 65 փոխանցում:
Ինձ ջղայնացնում է այն հանգամանքը, որ Apple ընկերությունում կասկած չի առաջացել, թե ինչու է 32 տարեկան տղամարդը մի քանի հազար ֆունտ ստերլինգ ծախսում մանկական խաղում դինոզավրեր գնելու նպատակով:
Ի՞նչու նրանք էլեկտրոնային նամակի տեսքով ինձ չեն ծանուցել, որպեսզի ես հաստատեմ իմ փոխանցումները:
— ասել է Մոհամեդը:
Ինչքան էլ մեծ լինի Մոհամեդի զայրույթը, պետք է հաշվի առնել, որ Apple ընկերության պաշտոնական վեբ-կայքում առկա է ուղեցույց՝ հատուկ ծնողների համար, որը նման դեպքերում ընկերությանը քիչ թե շատ ազատում է պատասխանատվությունից: Ուղեցույցում հստակ նշված է, որ iTunes ծառայությունից օգտվելիս հարկավոր է ուշադիր լինել երեխաների նկատմամբ, և խորհուրդ է տալիս ոչ ոգի չտրամադրել Ձեր գաղտնաբառը:
Our parents' guide to iTunes details the steps adults can take to make sure younger players have access to the right content. The first thing we recommend is not to share your password.
— նշված է ուղեցույցի անգլերեն տարբերակում:
Այնուամենայնիվ, Մոհամեդի դիմումն ընդունվել է Apple ընկերության կողմից և գումարն ամբողջությամբ հետ են վերադարձրել, ինչը ողջունելի է:
Ի՞նչպես շրջանցել նման խնդիրները
- Օգտվեք գաղտնաբառերը ճիշտ պահպանելու ընդհանուր դրույքներից
- Բոլոր վճարումների համար Apple-ի արտադրության սարքերում ակտիվացրեք Touch ID ֆունկցիան (եթե հասանելի է)
- Պահանջեք բանկից, որպեսզի ծանուցում ուղարկեն Ձեզ բոլոր վճարումների և փոխանցումների ժամանակ
- Հնարավորության դեպքում, սահմանափակում դրեք քարտից (կամ հաշվից) փոխանցվող գումարի չափի և քանակի համար
- Օնլայն խանութներից և վճարային համակարգերից օգտվելիս օգտագործեք երկրորդական բանկային քարտեր (որոնց վրա համեմատաբար քիչ գումար եք պահում)
- Որևէ խնդիր նկատելու դեպքում կապվեք Ձեր բանկի կամ այն ծառայության հետ, որին կատարել եք այդ փոխանցումը
Ամփոփում
Սա այն վիճելի դեպքերից է, երբ ստեղծված իրավիճակում տուժած անձնավորությունն ու նրան ծառայություն մատուցող ընկերությունը փորձում են մեկը մյուսի վրա գցել մեղքի ամբողջ բաժինը: Սակայն երկու կողմերն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: Այսպիսով, ծառայություն մատուցող ընկերությունը պարտավոր է անվտանգության միջոցներ կիրառել հաճախորդների անձնական տվյալները պաշտպանելու նպատակով, իսկ հաճախորդները պարտավոր են հետևել ընկերության մշակած անվտանգության կանոններին և անվտանգության ընդհանուր դրույքներին՝ նման իրավիճակներից խուսափելու համար: