Samsung ընկերության պնդմամբ՝ ընկերությունը կարող է հեռավար կերպով անջատել իր կողմից արտադրված հեռուստացույցների ամբողջ աշխատանքը՝ անկախ դրանց գտնվելու աշխարհագրական դիրքից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Samsung հեռախոսներում առկա հավելվածը գաղտնի կիսվում է Ձեր անձնական լուսանկարներով
Samsung ընկերության կողմից մշակված տեխնոլոգիան կոչվում է «TV Block» և գործարանային տեսքով ներառված է աշխարհով մեկ վաճառվող բոլոր հեռուստացույցներում:
Այս տեխնոլոգիայի և հնարավորության մասին առաջին անգամ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում գտնվող Samsung ընկերության պաշտոնական խանութից ս.թ.-ի հուլիսի 11-ին գողացվեց մեծ թվով հեռուստացույցներ:
Ի՞նչպես է աշխատում TV Block ֆունկցիան
Samsung ընկերության կողմից արտադրված որևէ հեռուստացույցի գողության մասին տեղեկություն ստանալու դեպքում ընկերությունը հեռուստացույցի գործարանային համարն (serial number) ավելացնում է իր սերվերների հատուկ սև ցուցակներում (blacklist), և երբ հեռուստացույցը համացանցի բաց հասանելիություն է ստանում, ապա ընկերության սերվերներից ստացված հատուկ հրահանգների արդյունքում անջատվում են հեռուստացույցի բոլոր ֆունկցիաները:
Այս տեխնոլոգիան կարող է դրական արդյունք ապահովել այսօր, և ապագայում այն կօգտագործվի ինչպես հաճախորդների, այնպես էլ ոլորտի կողմից:
This technology can have a positive impact at this time, and will also be of use to both the industry and customers in the future.
— նշել է Samsung ընկերության Հարավային Աֆրիկայի Հանրապետության մասնաճյուղի տնօրեն Մայք Վան Լայերը (Mike Van Lier):
Ո՞րքանով է արդյունավետ TV Block ֆունկցիան
Համոզված եմ, որ Samsung ընկերությունում աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները: Սակայն, որպես տեղեկատվական անվտանգության ոլորտում բազմամյա փորձ ունեցող փորձագետ, հարկ եմ համարում նշել, որ «TV Block» պաշտպանական մեխանիզմը հնարավոր է հեշտությամբ շրջանցել: Կհարցնեք, թե ինչպե՞ս:
Եթե հիշում եք, «TV Block» ֆունկցիան աշխատում է միայն այն դեպքում, երբ հեռուստացույցը համացանցի բաց հասանելիություն է ստացել և հնարավորություն ունի կապվել Samsung ընկերության համապատասխան սերվերների հետ՝ տվյալ հեռուստացույցի գործարանային համարը սև ցուցակներում նշված համարների հետ համեմատելու նպատակով: Հետևաբար հեռուստացույցի «TV Block» պաշտպանական մեխանիզմի աշխատանքի խիստ անհրաժեշտություն է ինչպես համացանցի բաց հասանելիությունը, այնպես էլ հասանելիությունը Samsung ընկերության համապատասխան սերվերների հետ: Իսկ ի՞նչ կլինի, եթե ապահովենք միայն ինտերնետ հասանելիությունը, իսկ համապատասխան սերվերների հասցեներին ուղված հարցումները ավտոմատ կերպով վերահասցեավորենք (DNS redirection) մեր կողմից վերահսկվող սերվերներին կամ պարզապես փակ հանգույց ստեղծենք (loop): Պատասխանն ակնհայտ է՝ գողացված հեռուստացույցի «TV Block» մեխանիզմը չի ստանա բացասական արձագանք և թույլ կտա հեռուստացույցը օգտագործել իր ամբողջ ֆունկցիաներով:
Ամփոփում
Մինչդեռ Samsung ընկերությունն այս ֆունկցիան նորարարական է անվանում, մենք պետք է լրջագույն կերպով մտածենք, թե ինչ կլինի, եթե ընկերության սերվերները հայտնվեն հաքերների ձեռքում և հեռավար հասանելիություն ստանան Ձեր տան հեռուստացույցին: Միայն միտքն արդեն վախեցնող է: