Մեկնարկել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի SafeBoard 2018-2019 ստաժավորման ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` «Կասպերսկի Լաբորատորիա»-ն հերքել է հակավիրուսի գողացված կոդի համացանցում հայտնվելու լուրը
Ծրագիրը բաց է ցանկացած կուրսերի ու մասնագիտացումների ուսանողների համար և անցկացվում է ընկերության մոսկովյան գրասենյակում մեկ տարվա ընթացքում։
Ստաժավորման ընթացքում նախատեսված է հինգ ուղղություն ինչպես ծրագրավորողների, այնպես էլ նրանց համար, ովքեր չեն ցանկանում կոդ գրել՝ սպառնալիքների ուսումնասիրություն, մշակում, փորձարկում, համակարգի վերլուծություն և համակարգի կառավարում։
Այս ծրագիրը սկսնակ մասնագետներին թույլ է տալիս փորձ և գիտելիքներ ստանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից և աշխատել ընկերության իրական լուծումների, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտի գլոբալ ՏՏ-նախագծերի վրա։
Արժե նշել, որ մեր SafeBoard ծրագրին մասնակցության հայտերի քանակն ամեն տարի աճում է, իսկ ընտրության ժամանակ մրցակցությունը գնալով ավելի թեժ է դառնում։ Եթե 2015 թվականին մենք ստացել ենք 2000-ի կարգի հայտ, ապա անցյալ տարի դրանց քանակը աճել է մինչև ավելի քան 4000-ի։ Ընդ որում, մեզ համար SafeBoard-ը ոչ միայն երիտասարդ մասնագետներին գործնական գիտելիքներ և փորձ փոխանցելու, այլև արդյունքում նրանցից լավագույններին ընկերության անձնակազմ հրավիրելու միջոց է:
— նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի անձնակազմի ընտրության և բրենդի զարգացման բաժնի ղեկավար Կիրիլ Շիրյաևը
Ստաժավորումը ենթադրում է շաբաթական 20 և ավելի ժամ տևող ճկուն ժամանակացույց, ֆիքսված աշխատավարձ և որոշ այլ բոնուսներ, որոնց թվում են սննդի ծախսերի հատուցումը և անվճար մարզասրահը։ Ծրագրի արդյունքում՝ աչքի ընկած մասնագետներին կառաջարկեն միանալ թիմին՝ արդեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաստիքային աշխատակցի կարգավիճակում։
SafeBoard-ի մասնակիցների ընտրությունն իրականացվում է մի քանի փուլով. ուսանողները պետք է անցնեն ուսուցում և միայն դրանից հետո՝ ստաժավորում։ Հայտերի գրանցմանը զուգահեռ անցկացվում է առցանց-թեստավորում, որը կազմված է ընդհանուր տեսական թեստից, ինչպես նաև ըստ ընտրության որոշակի գիտելիքների և հմտությունների ստուգման առաջադրանքից։ Հաջորդ փուլը օֆլայն-ռեժիմում անցկացվող հաքաթոնն է, որը կանցկացվի հոկտեմբերի վերջին։ Այն, իր հերթին, կտևի ամբողջ օրը և կբաժանվի երկու մասի՝ թիմում աշխատելու հմտությունն ստուգող խաղի և տեխնիկական առաջադրանքների լուծման։
Ի՞նչ գիտելիքների է անհրաժեշտ տիրապետել
Սպառնալիքների ուսումնասիրություն
Վիրուսների վերլուծաբան աշխատելու համար անհրաժեշտ է տիրապետել հակադարձ-նախագծման (reverse engineering) հմտություններին: Անհրաժեշտ է նաև իմանալ «Assembler x86» և ծրագրավորել «C/С++» լեզուներով: Վերլուծաբանը պարտավոր է տիրապետել պաշտպանության վերլուծության մեթոդներին (բաց-կոդի աուդիտ, ներթափանցման փորձարկում, և այլն), ունենալ «Python» լեզվի բազային գիտելիքներ և հասկանալ ցանցերի պրոտոկոլների աշխատանքը:
Նախագծում
Անհրաժեշտ է ունենալ որևէ ծրագրավորման լեզվի գիտելիքներ, մինիմալ փորձ և հասկանալ անգլերեն լեզվով գրված ուղեցույցները (documentation): Ընկերությունում օգտագործվում են այնպիսի ծրագրավորման լեզուներ, ինչխիսիք են՝ «C++» (օգտագործվում է հիմնական նախագծերի միջուկում), «C#» (ներքին ենթակառուցվածքներ, «Windows» ՕՀ համար նախատեսված նախագծերում, և այլն), «Python», «JavaScript» (արտաքին տեսք) և «Ruby/Swift» (բջջային հավելվածների նախագծում):
Փորձարկում
Փորձարկման նախընտրած մեթոդներից անկախ, անհրաժեշտ է նաև գաղափար ունենալ փորձարկման տեսության հիմունքներից (հատկապես փորձարկման կառուցվածքից): Ցանկալի է բազային գիտելիքներ ունենալ ցանցերի և ինտերնետ-դիտարկիչների (web browser) աշխատանքի վերաբերյալ, իսկ աշխատանքներն ավտոմատացնելու նպատակով՝ տիրապետել «C++», «C#», «Python» ծրագրավորման լեզուներին կամ «Ruby, Swift» բջջային պլատֆորմներին:
Համակարգի վերլուծություն
Անհրաժեշտ է տիրապետել ծրագրային ապահովման (ԾԱ) նախագծման հիմունքներին և գիտելիքներ ունենալ որևէ օպերացիոն համակարգի (Windows, Mac, Android, iOS) աշխատանքի վերաբերյալ: Ծրագրային կոդ գրելու անհրաժեշտություն չկա, սակայն ցանկալի է գաղափար ունենալ «C++/C#» և այլ ծրագրավորման լեզուներից:
Համակարգի կառավարում
Անհրաժեշտ է համապատասխան գիտելիքներ ունենալ «Windows Server/Linux/OS X» օպերացիոն համակարգերի (ՕՀ) կառուցվածքի, հիմնական ծառայությունների աշխատանքային սկզբունքների, ցանցային մոդելի (OSI), սկավառակային համակարգերի, սերվերային և ցանցային սարքավորումների վերաբերյալ: Անգլերեն լեզվով գրված ուղեցույցները (documentation) կարդալու հմտությունները ևս օգտակար կլինեն:
Այս տարվա նորամուծությունն այն է, որ հինգ ուղղություններով ուսանողների բաշխումը տեղի կունենա գործնականում անմիջապես՝ հաքաթոնից հետո։ Այսպիսով՝ որոշակի բնագավառում գիտելիքների և հմտությունների զարգացման վրա աշխատանքը կսկսվի ավելի վաղ, իսկ պարապմունքները, ինչպես և նախկինում, կներառեն տեսական, գործնական աշխատանքը և տնային առաջադրանքները։ Ուսուցումից հետո «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները լավագույն մասնակիցներին կհրավիրեն թիմում աշխատելու հարցազրույցների, որպեսզի ձեռնամուխ լինեն ստաժավորմանը։
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է շտապեն ներկայացնել իրենց հայտերը մինչև սույն թվականի հոկտեմբերի 14-ը` հետևելով մասնակցության հետևյալ կանոններին: