Մասնագետները լուրջ խոցելիություն են հայտնաբերել Wi-Fi ցանցերում

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

WPA2 պրոտոկոլի անվտանգությունը կոտրելու կամ գաղտնալսելու վտանգի տակ է դնում գրեթե բոլոր Wi-Fi սարքավորումները:

Նկարը՝ zdnet.com

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Անվճար WiFi կապի թաքնված վտանգները

Մի խումբ փորձագետներ անվտանգության լուրջ խոցելիություն են հայտնաբերել Wi-Fi ցանցերում օգտագործվող WPA2 պրոտոկոլում (protocol): Այս պրոտոկոլը ստեղծված է պաշտպանելու անձնական և գործնական Wi-Fi ցանցերը:

Ինչպես հայտնում է բրիտանական The Independent պարբերականը, բացահայտված խոցելիությունը հաքերներին թույլ է տալիս կարդալ Wi-Fi սարքավորման (access point) և տվյալ կապից օգտվող անձանց միջև փոխանցվող թվային տվյալները՝ շրջանցելով առկա պաշտպանական մեխանիզմները:

Շրջանցում ենք WPA2 անվտանգության մեխանիզմը

Այս խոցելիությունը թույլ է տալիս գողանալ անձնական թվային տվյալներ, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեներ, ծածկագրեր, բանկային քարտի տվյալներ, անձնական նկարներ, էլեկտրոնային նամակագրություն և այլն:

— նշում է անվտանգության հետազոտող Մաթին Վանհոֆը (Mathy Vanhoef):

Հարկ է հիշեցնել, որ գործնականում հնարավոր էր կոտրել միայն WPA2 գաղտնաբառերը՝ օգտագործելով պատահական գաղտնաբառերի հերթականության (password brute-force) մեթոդներ:

Եթե Ձեր սարքավորումը աշխատում է Wi-Fi կապով, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք վտանգում եք կորցնել անձնական և գաղտնի տվյալներ:

— զգուշացնում են ուսումնասիրության հեղինակները:

Փորձագետները նշում են նաև, որ ամենից ավել վտանգված են Android հենքով աշխատող սարքավորումները:

Իսկ ո՞րն է խոցելիության տեխնիկական պատճառը: WPA2 պրոտոկոլը չորսկողմանի համաձայնության (four-way handshake) մեխանիզմ է օգտագործում, ինչի արդյունքում ստեղծվում է կապի կոդավորման բանալի: Պրոցեսի երրորդ քայլում նշված բանալու փոխանցումը հատուկ կերպով հնարավոր է կրկնել մի քանի անգամ՝ ամբողջությամբ չեղարկելով կոդավորման պրոցեսը:

Փորձագետներն խոստանում են իրենց ուսումնասիրությունների ամբողջական եզրակացությունը ներկայացնել ACM CCS ամենամյա կոնֆերանսի ընթացքում: Իսկ մինչ այդ, մասնագետները խորհուրդ են տալիս որևէ Wi-Fi կապից օգտվելիս խուսափել գաղտնի (confidential) տվյալների փոխանցումից:

Ամփոփում

Կարծում եմ, դժվար թե գտնվեն մեծ թվով մարդիկ, ովքեր կխուսափեն գաղտնի տվյալներ փոխանցել՝ Wi-Fi կապից օգտվելիս: Մյուս կողմից, դժվար թե մոտակա մի քանի ամիսների կամ, միգուցե, տարիների ընթացքում հնարավոր լինի «բուժել» բոլոր վտանգված սարքավորումները: Արդյունքում չարագործները հնարավորություն կստանան ամիսներ շարունակ օգտվել խոցելիությունից և գաղտնալսել Wi-Fi կապով անցնող Ձեր բոլոր փոխանցումները:

Այսպիսով, բոլորին խորհուրդ եմ տալիս օգտվել VPN կապից և որևէ վեբ-ռեսուրսից օգտվելիս ուշադրությություն դարձնել անվտանգ (HTTPS) պրոտոկոլի առկայությանը:

Հղումներ

Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: