«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից հափշտակվել է ավելի քան 7 միլիոն ՀՀ դրամ

cyber-gates.png
ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մեկ անձի առաջադրվել է մեղադրանք:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Կոտրում ենք շրջակա մարդկանց հաշիվները՝ զբոսնելով հանրային վայրերում

2018թ. օգոստոսի 21-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի անվտանգության վարչության պետից հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչև 22:17-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի գործադրմամբ, բանկին պատկանող բանկոմատից կանխիկացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 22-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի վարույթ: Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, առգրավվել և զննության ենթարկվել բանկոմատի տեսախցիկների տեսագրությունները։

Արդյունքում պարզվել է առերևույթ հափշտակությանը մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 21:50-ից մինչև 22:17-ն ընկած ժամանակահատվածում, տղամարդը, այլ անձանց ցուցումներ տալով և տեղեկատվություն տրամադրելով, օժանդակել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բանկոմատից առանձնապես խոշոր չափերի՝ 7 200 000 ՀՀ դրամ գումար հափշտակելուն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը՝ գրավի չափ սահմանելով 6 մլն. ՀՀ դրամ:

Դատարանի որոշման մասին, օրենքով սահմանված կարգով, քննիչը տեղեկացրել է դատախազին՝ առաջարկելով քննարկել վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: