Աշխատակիցը մեկ հրամանով պատահաբար ջնջել է կազմակերպության ամբողջ թվային արխիվը

samvel-gevorgyan.jpg
Սամվել Գևորգյան
Տնօրեն, «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»
Լուսաբանում եմ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիբեր-հանցագործությունը, գաղտնիությունը և անվտանգությունը թվային տեսքով:

Օպերացիոն համակարգերում որևէ լուրջ գործողություն կամ փոփոխություն անելիս անընդհատ ստիպված ես հաստատել քո որոշումը և դա մտածված է «անուղղելի» որոշումներից ինքներս մեզ պաշտպանելու համար:

Լուսանկարը՝ cnn.com

Միգուցե հեշտ լինի համակերպվել սեփական սխալների հետ, եթե աշխատում եք տանը սեփական համակարգչով և պատահաբար ջնջել եք որևէ ֆիլմ կամ նկար: Սակայն պատկերն այլ է, եթե աշխատանքի ընթացքում պատահաբար ջնջել եք ընկերության ամբողջ թվային արխիվը:

Անզգուշության արդյունքում նման մի բարդ իրավիճակում է հայտնվել Մարկո Մարսալան (Marco Marsala), ով մեկ սխալ հրամանով պատահաբար ջնջել է վեբ-հոսթինգ տրամադրող իր ընկերության ամբողջ թվային տվյալները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Աշխատակիցների ծածկագրության սովորություններ, որոնք կարող են վնասել Ձեր ընկերությանը

Խոսքը գնում է Unix-ական օպերացիոն համակարգերում առկա rm հրամանի մասին, որը Մարսալան անզգույշ է օգտագործել (rm -rf /) սերվերի վրա կարգավորումներ կատարելիս: Հրամանը նախատեսված է ֆայլ(եր) ջնջելու համար, իսկ -rf / կարգավորումը (option) օպերացիոն համակարգին ստիպում (force) է անմիջապես աշխատացնել հրամանը և նշված կատալոգում (տվյալ դեպքում ֆայլային համակարգի գլխավոր կատալոգում) ջնջել բոլոր ֆայլերը, նույնիսկ եթե որևէ ֆայլ օգտագործվում է տվյալ պահին:

Ես մի փոքրիկ հոսթինգ ընկերություն ունեմ, որը մոտ 1353 հաճախորդ ունի... Բոլոր սերվերներն ու պահպանված արխիվները ջնջվել են, քանի որ տվյալների կողմնակի պահոցները նույնպես միացված էին հրամանն աշխատացնելու պահին: Ի՞նչպես կարող եմ արագ վերականգնել rm -rf / հրամանից կորցրած տվյալները:

— Մարկո Մարսալա

Թվում է, թե սա մի անհեթեթ պատմություն է, և միայն կատարյալ ապուշը կարող է նման հրաման աշխատացնել գործող սերվերի վրա, սակայն խնդիրն ավելի բարդ է, քան Դուք կարծում եք:

Ո՞րն է սխալմունքի իրական պատճառը

Առաջին հայացքից անհեթեթ թվացող հրամանն իրականում կանչվել է Bash կոդի միջոցով և ունեցել հետևյալ տեսքը՝

rm -rf $1/$2

Bash կոդը թույլ էր տալիս ջնջել օգտատերերի հին արխիվները՝ փոփոխականներին ($1, $2) տալով համապատասխան արժեքներ: Ծրագրային սխալի պատճառով նշված փոփոխականները ստացել են զրոյական արժեքներ և ստիպել «անվերադարձ» ջնջել ամբողջ ֆայլային համակարգը:

Ի՞նչպես խուսափել նման իրավիճակներից

  1. Պարբերաբար կատարել թվային տվյալների արխիվացում և դրանք պահել ապահով տեղում:
  2. UNIX-ական օպերացիոն համակարգերում ֆայլերը ջնջելիս օգտվել safe-rm ծրագրային միջոցից:
Ծանուցում` Սույն հոդվածը հիմնականում գրվել և խմբագրվել է մարդու կողմից։ Արհեստական բանականության գործիքները կիրառվել են խիստ սահմանափակ ծավալով՝ միայն որպես օժանդակ միջոց հետազոտության կամ տեքստի թեթև խմբագրման համար։

Հատկորոշիչներ

Կիսվել հոդվածով

Մեկնաբանություններ ()

Առաջարկվող հոդվածներ


Ակնթարթային ծանուցումներ

Բաժանորդագրվե՛ք «Telegram»-ի մեր խմբին, որպեսզի առաջինը տեղեկանաք կիբերանվտանգության վերջին նորություններին, ռեսուրսներին և վերլուծություններին: